Նորություն
Անպատասխանատու վարորդները սպառնալիք են երկաթուղային երթևեկության անվտանգությանը
2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին:
Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, իսկ երեխան, Սպիտակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվեց Երևան:
«Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից: Բոլոր վթարները տեղի են ունեցել վարորդների կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով: Հարկ է նշել, որ այս տարի ՃՏՊ-ների աճը նկատվում է ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում:
Ավելին, աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը: Հարավկովկասյան երկաթուղին ամեն տարի էական միջոցներ է ներդնում երկաթուղային գծանցումներում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, կանխարգելիչ աշխատանք է իրականացնում բնակչության շրջանում և երթևեկության անվտանգության կանխարգելման գործում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Սակայն, ինչպես վթարների վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի բարելավվում:
Ներկայումս վթարների մակարդակը ոչ միայն վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար, հանգեցնում երթևեկության ժամանակացույցի խափանումների, այլև վտանգում է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը երկաթուղու առանձին հատվածներում», - նշում է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը:
ՀԿԵ-ն հույս ունի, որ ՃՏՊ-ում բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն, և կրկին անգամ վարորդներին հորդորում է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Դիմելով Ճանապարհային ոստիկանությանը, կոչ ենք անում երթևեկության կանոնները դիտավորյալ խախտող վարորդների նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները: Սա կօգնի պահպանել ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը: