ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Գործունեություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Այժմ ՀԿԵ-ն Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկն է՝ ընկերությունում աշխատում է մոտ 3 հազար մարդ:

Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանի երկաթուղային փոխադրումների շուկայում աշխատում է 2008 թվականից՝ իրականացնելով երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման, հանրապետական և միջազգային փախադրումների համակարգի կատարելագործման, հարևան պետությունների հետ տեխնիկական համագոծակցության ընդլայնման ծրագրեր:

Հանդիսանալով Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարտավորվել է մինչև 2038 թվականը երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամն ուղղվելու է ենթակառուցվածքի, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի ոլորտներ: Փաստորեն, 2008-2021 թվականներին արդեն իսկ ներդրվել է մոտ 137 մլրդ դրամ։

ՀՀԿԵ ներդրումների 70%-ն ուղղվում է երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգմանն ու արդիականացմանը: Եվ դա արդեն տվել է էական դրական արդյունքներ՝ երկաթուղային գծերը բերվել են այնպիսի վիճակի, որը բավարարում է հանրապետության կարիքները փոխադրումների մասով:

Ընկերությունը գործել է ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի թարմացման ուղղություններով: Կառուցվել և շահագործման են հանձնվել երեք հիմնական երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինել են դեռևս 1898 թվականին կառուցված Հայաստանի ամենահին Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան հատվածում գտնվող կամուրջը:

2008-2021թթ․ վերանորոգվել է 499,5 կմ, որից 197,1 կմ՝ կապիտալ, 70 սլաքային փոխադրիչ, 59 գծանց, 40 կամուրջ և այլ օբյեկտներ, փոխվել է 1074 101 կոճ, որից 533 485-ը՝ փայտե և 540 616-ը՝ երկաթբետոնե, արդիականացվել են Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երևանի, Գյումրու և Վանաձորի կայարանների շենքերը:

Վերանորոգվել է 429,6 կմ կոնտակտային գիծ և 48 ենթակայան, վերականգնվել է 9 քարշային ենթակայան, այդ թվում՝ առանցքային Փամբակ և Ղալթախչի ենթակայանները, իսկ Սևան-Զոդ հատվածում գործարկվել է 135 կմ երկարություն ունեցող կապի օպտիկամալուխային գիծ:

Շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնվել է մոտոր-վագոնային շարժակազմի 60 վագոն, ЧМЭ3 տիպի 10 էլեկտրաքարշ, ВЛ-10 տիպի 12 էլեկտրաքարշ, վերանորոգվել է ВЛ-10 տիպի 20 էլեկտրաքարշ, 700 բեռնային և 27 ուղևորատար վագոն, ЧМЭ3 տիպի 3 ջերմաքարշ։ 2017 թվականից ընկերությունը ձեռնամուխ է եղել շարժակազմի թարմացման լայնածավալ ծրագրի իրականացմանը: Ձեռք են բերվել նոր ЭП2Д էլեկտրագնացքներ, որոնք ներկայում գործում են Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներով։ 2021 թվականին ամենաարդիական շարժակազմը գնվել է ռուսական «Трансмашхолдинг» արտադրողից՝ միջազգային ուղեւորափոխադրումներ ապահովելու համար։ Միաժամանակ ընթացքի մեջ է բեռնափոխադրումների ոլորտում շարժակազմի արդիականացումը։

Իրականացվել է Մասիսի գծի մեքենայացված կայանի և Սանահինի գծի մեխանիզացված ուղեմասի արտադրական բազայի արդիականացումը, որի համար գնվել է գծային տեխնիկայի 35 միավոր, այդ թվում՝ խճաքար մաքրող մեքենա, տրանսպորտային-բեռնող մոտովոզներ, կռունկներ, գծի քարշային մոդուլ, ձնամաքրման մեքենա և այլն: Հարավկովկասյան երկաթուղու հիմնական խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգումն է, ինչը թույլ է տվել ձևավորել Հայաստանում խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը:

Դեպոների վերակառուցումը թույլ է տվել վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, ստեղծել նոր արտադրամասեր: Նոր սարքավորումները թույլ են տալիս կիրառել վագոնների սպասարկման և վերանորոգման նոր տեխնոլոգիաներ՝ էապես բարձրացնելով աշխատանքների որակը և նվազեցնելով ծախսերը:

Ընկերությունն արդեն իրականացնում է էլեկտրա- և ջերմաքարշերի վերանորոգում Հայաստանի տարածքում: 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը: Նույն թվականին շահագործման հանձնվեց առաջին ջերմաքարշը, որը վերանորոգվեց Երևանի վագոն-լոկոմոտիվային դեպոյում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հատուկ կարևորում է ուղեւորափոխադրումների ոլորտի զարգացումը: Ներկայում հաղորդակցությունը կազմակերպվում է Երևան - Գյումրի - Երևան, Երևան - Արարատ - Երևան, Երևան - Արմավիր (Արաքս) - Երևան, Հրազդան - Ալմաստ - Շորժա, Երևան - Երասխ - Երևան հատվածներով։

ՀԿԵ-ում գործում է 2 ֆիրմային միջազգային գնացք` Երևանից Թբիլիսի (հոկտեմբերից հունիս) և Երևանից Բաթումի (հունիսից հոկտեմբեր): Երկաթուղային ենթկառուցվածքի արդիականացման շնորհիվ 6 ժամով կրճատվել է Երևան-Բաթում-Երևան ուղերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի երթևեկության տևողությունը: Մեկ այլ առավելություն է համարվում գնային ճկուն քաղաքականությունը։

Մեծ աշխատանք է տարվել ուղեւորների ներգրավման ուղղությամբ, մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում։ Ներդրվել է "Օրիոն" միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ մեկ տոմսի ձևակերպման ժամանակը 10 րոպեից կրճատվել է մինչև 2 րոպե: Այն թույլ է տալիս խուսափել հերթերի գոյացումից ՝ մեկ երրորդով ավելացնելով տոմսերի վաճառքը։ 2012 թվականի ամռանը ներդրվել է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ-վաճառքի համակարգը, որն աստիճանաբար ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։ ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և գնացքների հարմարավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Միջոցառումների այս ամբողջ համալիրը հանգեցրել է ուղեւորափոխադրումների տարեկան կայուն աճի։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատում է երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում՝ լայնացնելով միջազգային փոխադրումների աշխարհագրությունը: Այժմ Ընկերությունը փոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:

Ընկերության կողմից տարվող ենթակառուցվածքի արդիականացման քաղաքականությունը դրական ազդեց նաև երկաթուղու որակական ցուցանիշների վրա: Այսպես, բեռնափոխադրումների տրանզիտային ժամանակը կրճատվեց 2 անգամ, մեկ բեռնատար գործառույթի պարապուրդի ժամանակը՝ 3 անգամ, գնացքի միջին քաշը աճեց 1/3-ով:

2009 թվականից վրացի գործընկերների հետ համատեղ Ընկերությունն իրականացնում է Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքի նախագիծը: Չնայած որ այս նախագիծը թվում էր անհեռանկարային ավտոտրանսպորտի հետ առկա սուր մրցակցության պատճառով, այն դրական արդյունքներ տվեց: Ճկուն սակագների, հստակ չվացուցակի և մինչև 30 ժամ տրանզիտային ժամանակի կրճատման շնորհիվ ՀԿԵ-ի կոնտեյներային փոխադրումների ծավալը կրկնապատկվեց: 2016 թվականին իրականացվել է Եվրոպայից Իրան բեռների առաջին մուլտիմոդալ փոխադրումը Հայաստանի տարածքով ՝ երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ։

Այժմ Ընկերությունն աշխատում է երկաթուղի նոր բեռնափոխադրումներ ներգրավելու ուղղություններով, Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի միջոցով ակտիվ համագործակցում է հաճախորդների հետ: Կենտրոնի կազմում գործում է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը համակարգում է հաճախորդների հետ աշխատանքը:

Այստեղ հաճախորդներին տրամադրվում է բեռնափոխադրումների ամբողջական լոգիստիկ սխեմա՝ հաշվի առնելով փոխադրումների տարածությունը, ծավալը և ժամկետները: Իսկ ավտոմատացված ծրագրերը թույլ են տալիս հաճախորդին ոչ միայն ձևակերպել պատվերը և փաստաթղթեր, հսկել միջոցների առկայությունը հաշիվների վրա, այլև բոլոր գործողությունները կատարեր օնլայն:

ՀԿԵ-ի կողմից մատուցվող տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների սպեկտրի ընդլայնման և որակի բարձրացման նպատակով Երևանի լոկոմոտիվային դեպոյի տարածքում Ընկերությունը ստեղծել է մաքսային-լոգիստիկ տերմինալ: Նրա աշխատանքն էապես բարելավել է մատուցվող ծառայությունների որակը։

Ընկերությունը հատուկ կարևորում է անվտանգության ապահովումը երկաթուղում՝ աշխատելով ենթակառուցվածքի արդիականացման և իրականացվող վերանորոգման որակի հսկողության ուղղություններով: Պետք է նշել նաև, որ 2008 թվականին Հայաստանում ՀԿԵ-ի աշխատանքի մեկնարկի պահին երկաթուղու բոլոր կիլոմետրերը անբավարար գնահատական են ունեցել։ Ներկայումս Հայաստանի երկաթուղիներում անբավարար գնահատական ունեցող կիլոմետրեր չկան:

Այժմ երկաթուղու առջև բազմաթիվ խնդիրներ են դրված՝ գնացքների անվտանգ երթևեկության ապահովում, նոր բեռնափոխադրումների ներգրավում, ուղևորների համար հարմարավետ պայմանների ստեղծում, բյուջեի եկամտային և ծախսային մասերի հաշվեկշռում, ռեսուրսների խնայողություն և կադրային ներուժի օպտիմալ օգտագործում: