Նորություն
ՀԿԵ արհմիությունն ամփոփել է նախորդ հինգ տարիների աշխատանքի արդյունքները և քննարկել ապագա ծրագրերը
Դեկտեմբերի 11-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության 2-րդ համագումարը: Միջոցառման ընթացքում համագումարի մասնակիցները լսեցին ընկերության արհմիութենական կազմակերպությունների վերջին հինգ տարիների գործունեության հաշվետվությունը, ընտրեցին կազմակերպության նոր ղեկավար կազմը և նախանշեցին ապագա ծրագրերը:
Երկաթուղու շուրջ 3000 աշխատողների 98%-ը միավորող կազմակերպության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը ներկայացրեց վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը: Մասնավորապես, նա հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարբեր խնդիրների լուծմանն արհմիությունը հատկացրել է շուրջ 330 մլն դրամ: Այդ միջոցներով լուծվել են աշխատանքի պաշտպանության, աշխատողների բժշկական աջակցության, աշխատանքային պայմանների բարելավման, աշխատողների և նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման և ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև այլ խնդիրներ:
«Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ընկերությունում միջին աշխատավարձը կազմել է 240 հազար դրամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը և շատ ավելի բարձր է, քան նույն ցուցանիշը հանրապետությունում, - ասաց Ալբինա Մարտիրոսյանը: - Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում աշխատողների արտադրողականությունն աճել է 20%-ով: Մեզ հաջողվեց նաև պահպանել մոբիլիզացված բոլոր աշխատողների աշխատավարձերը ընկերության միջին աշխատավարձի մակարդակի վրա: Պարգևատրման համակարգում վերջերս կատարված փոփոխություններն ուղղված էին աշխատողների մասնագիտական խրախուսմանն ու նոր կադրերի ներգրավմանը»:
Ա.Մարտիրոսյանն անդրադարձավ նաև աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրներին և արտադրությունում վնասվածքների դեպքերին` նշելով այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավման անհրաժեշտությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների համակարգված աշխատանքը` աշխատողների համար հարմարավետ աշխատանքային պայմանների և աշխատանքային կյանքի ապահովման գործում: Նա Ա.Մարտիրոսյանի ելույթը լրացրեց կադրերի պատրաստման ոլորտում նորություններով:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մենք մշակել ենք երկաթուղային անձնակազմի պատրաստման ծրագիր: Այսպիսով, հաջորդ տարվանից Հայաստանում առաջին անգամ կսկսեն պատրաստել բարձրագույն կրթություն ունեցող երկաթուղայինների, ինչը էապես կլրացնի Գյումրու երկաթուղային քոլեջի աշխատանքը», - նշեց Ա. Մելնիկովը:
Համագումարը միաձայն բավարար գնահատեց միության վերջին 5 տարիների աշխատանքը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի պաշտոնում վերընտրեց Ալբինա Մարտիրոսյանին և ղեկավար կազմը: