ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

31-07-2020

Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում


Ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարգևներ հանձնվեցին առաջատար երկաթուղայիններին: Սակայն այս անգամ տոնին նվիրված հանդիպումն անցավ անվտանգության նորմերի համապատասխան և այնքան էլ բազմամարդ չէր:

Ինչպես նշեց, շնորհավորելով երկաթուղայիններին, Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հարավկովկասյան երկաթուղու 3-հազարանոց կոլեկտիվն ամեն օր յուրատեսակ սխրագործություն է կատարում՝ կատարելով իր աշխատանքը, ապահովելով գնացքների, ուղևորների և բեռների անվտանգությունը:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ զարգացող, հաջող գործող ընկերություն է, որն իր աշխատանքի 12 տարիների ընթացքում հասցրել է իրականացնել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, վերականգնել և գործարկել հիմնական երկաթուղային դեպոները, երկաթուղային կայարանները, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, կապի և ազդանշանային համակարգի օբյեկտները, վերափոխել ուղևորափոխադրումների համալիրը, երթուղիներում նոր էլեկտրագնացքներ գործարկել, ուղևորների համար ապահովելով հարմարավետություն և ճանապարհորդության ժամանակի խնայողություն, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն հաստատել բիզնեսի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության հետ», - ասաց Ա.Մելնիկովը:

ՀԿԵ-ի աշխատանքի տարիների ընթացքում հիմնանորոգվել է 482 կմ ուղի, փոխարինվել է 989 հազար կոճ, իսկ հաշվի առնելով 2020 թվականի համար նախատեսված աշխատանքների ծավալը, այս ցուցանիշը շուտով կգերազանցի 1 միլիոն շեմը: Նաև վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ, 55 խոշոր ենթակառուցվածքային կառույց, կահավորվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 7 կետ, 14 վազուրդի հագեցվել է արգելափակման կիսաավտոմատ համակարգերով:

Երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ երկաթուղայիններն ապահովում են Հայաստանի համար այս կարևոր ոլորտի անխափան աշխատանքն այս դժվարին ժամանակահատվածում: Սիմոնյանի խոսքերով, երկաթուղու դերը ոչ միայն չի նվազում, այլ, ընդհակառակը, անընդհատ աճում է՝ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի համատեքստում: Նա նաև վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները, ինչը կհանգեցնի ոլորտի հետագա զարգացմանը, ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների աճին:

Երկաթուղայիններին շնորհավորեցին նաև Վետերանների խորհրդի և արհմիության նախագահներ Լևոն Հակոբյանը և Ալբինա Մարտիրոսյանը:

Տասը աշխատողներին հանձնվեցին «Պատվավոր երկաթուղային», «Բարեխիղճ աշխատանքի համար», «Մասնագիտությանը հավատարմության համար» նշաններ և ժամացույցներ:

Այս տարի մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվել են երկաթուղու ավելի քան 100 աշխատողներ:

Տոնական միջոցառումների շրջանակներում՝ ուղևորների և ինտերնետ օգտագործողների հարմարավետության համար, մասնագիտական տոնի նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին գործարկել է նոր կորպորատիվ կայք` railway.am: Այստեղ ներկայացված է ընկերության, մատուցվող ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն, իսկ ուղևորներն ու բեռնափոխադրողները կկարողանան ծանոթանալ երթուղային ցանցին և սակագներին:

Որպես տոնական միջոցառումների մաս Հարավկովկասյան երկաթուղու կենտրոնական ապարատի շենքում բացվեց Ընկերության աշխատող, լուսանկարիչ Ելենա Առաքելովայի լուսանկարների ցուցահանդեսը:

Այս տարի Ընկերության կողմից անցկացվող անվճար երթևեկության ակցիան, որը սովորաբար անցնում էր էլեկտրագնացքներում Երկաթուղայինի օրը, չեղյալ հայտարարվեց` ուղևորների մեծ հոսքի պայմաններում հակահամաճարակային նորմերի պահպանման անհնարինության պատճառով: Ընկերությունը խոստանում է նման ակցիա կազմակերպել սահմանափակումների վերացումից հետո, ինչի մասին հանրությունը նախապես կտեղեկացվի:

Նկարներ