ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

02-03-2020

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամ


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց փետրվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց նա, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 219,4 հազար տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցեց 26,4 հազարը, աճելով 8,4%-ով: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացան 30%, տեղականները՝ 7,6%: Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով արտաքին տնտեսական իրավիճակը, որոշ անկում է ցուցադրել բեռնաշրջանառությունը (0,2% նախորդ տարվա հետ համեմատ), երկաթուղային արտահանումը (23,5%)՝ տեղական փոխադրումների 13%-նոց աճի ֆոնին: Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները, բեռնատար վագոնների արտադրողականությունն ու շրջանառությունը: Տարվա կտրվածքով 24%-ով ավելացել է նաև երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 251 հազար դրամ: Իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է մոտ 1%-ով: Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում են գնացքների անվտանգությանն ու ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները: Մասնավորապես արդեն սկսվել է կոճերի փոխարինման գործընթացը, կատարվում է կոնտակտային ցանցի, քարշային տրանսֆորմատորների վերանորոգումը, կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: - 2020 թվականին Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը, - հայտնեց Ընկերության ղեկավարը: Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Ալեքսեյ Մելնիկովը նշեց Ընկերության աշխատանքի բոլոր ուղղությունների մանրակրկիտ դիտարկման, առավելագույնս արդյունավետ պլանավորման համակարգի կառուցման, բյուջեի տարբեր հոդվածների հավասարակշռության ապահովման, երկաթուղի ուևորների և բեռների նոր հոսքերի ներգրավման անհրաժեշտությունը: Որպես առաջնահերթ խնդիրներից մեկը ՀԿԵ ղեկավարը նշեց գնացքների անվտանգ երթևեկության համակարգի արդիականացումը, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերում սանիտարակենցաղային պայմաների կատարելագործումը: Վերջին կետը հատկապես կարևոր է դառնում Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցելու լույսի ներքո: Այդ կապակցությամբ երկաթուղու պետը հանձնարարել է ձևավորել հատուկ աշխատանքային շտաբ, անհրաժեշտ տեղեկատվական աշխատանք կատարել աշխատողների շրջանում, ուղևորափոխադրումները սպասարկող բոլոր աշխատակիցներին ապահովել լրացուցիչ պաշտպանության միջոցներով, մաքրող և ախտահանող միջոցներով: Նման քայլերն ուղղված են Ընկերության աշխատողների շրջանում հիվանդության կանխարգելմանը: - Շուտով նաև դպրոցներում սկսվելու է արձակուրդների սեզոնը և անհրաժեշտ է լրացուցիչ աշխատել երեխաների հետ՝ բացատրելով նրանց երկաթուղու վտարգավորությունը, որ ցանկացած խաղեր գծերի հարևանությամբ արգելվում են: Տեղական իշխանությունների հետ համատեղ անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանք կատարել քաղաքների և գյուղերի բնակիչների շրջանում՝ հաշվի առնելով, որ երկաթուղու հարևանությամբ նկատվում են աղբակույտեր, չթույլատրված կառույցներ, այգիներ: Հատկապես արդիական է երկաթուղային գծերի հարևանությամբ տնային անասունների արածեցման հարցը, ինչը վտանգավոր է ինչպես կենդանիների, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար, - ընդգծեց Ընկերության գլխավոր տնօրենը:

Նկարներ