Նորություն
Երաժշտությունը ՀԿԵ-ի հետ
Բարեկամական կապերը վերջին տարիներին միավորել են առաջին հայացքից տարբեր երկու կոլեկտիվներ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Երևանի Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը: Նախաձեռնության հեղինակներն են՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և նրա տեղակալ Սամվել Դանիլովը: Որոշում է կայացվել միջոցներ փոխանցել՝ դպրոցի սաներին անհրաժեշտ գործիքներով ապահովելու համար: ՀԿԵ-ի աջակցության շնորհիվ դպրոցում ստեղծվել է փողային նվագախումբ, ընդլայնվել է ժողովրդական գործիքների համույթի կազմը, ստեղծվել է երկրորդ համույթը կրտսեր դասարանների աշակերտների ներգրավմամբ:
Թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը նշել է, որ ՀԿԵ-ի հետ համատեղ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր մարզերում։ «Օգոստոսի 2-ին՝ երկաթուղայինի օրը, Վանաձորի կայարանի հարթակում հյուրերին դիմավորեցին երիտասարդ երաժիշտները»,- պատմում է Ի. Մկրտչյանը։ Համերգներ են անցկացվել նաև Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցում ՝ ի պատիվ հյուրերի ժամանման և նոր շարժակազմի շնորհանդեսի։
Կարելի է առանձնացնել «Երաժշտական կանգառ» անվանմամբ արտասովոր համերգը: Այն կազմակերպվել է Երևանի կայարանի սպասասրահում, որտեղ բեմ է կառուցվել։ Երաժշտական գործերի կատարման ընթացքում գնացքները ժամանում էին կայարան, և ուղևորները, դուրս գալով վագոններից, զարմանքով և հետաքրքրությամբ դառնում էին անսովոր համերգի ակամա հանդիսատեսը: Ծրագրի ապոթեոզը համերգի եզրափակիչ մասն էր, երբ բեմում հայտնվեցին ավելի քան 250 աշակերտներ՝ փողային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, լարային նվագախումբ, «Սանթուր» եռյակը և երեք երգչախումբ: Կատարվեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունը:
Դպրոցի տարեդարձի բազմաթիվ նվերների թվում մեծ անակնկալ էր ՀԿԵ-ի տրամադրած դրամաշնորհը։ «Այս տարի սեպտեմբերին ընկերության գլխավոր տնօրենը և նրա տեղակալը այցելեցին դպրոց և համերգ լսեցին՝ նրանց հետաքրքրությունն անկեղծ էր։ Վերջերս ընկերությունը մեզ համար ձեռք է բերել սաքսոֆոններ, ուդեր և քամանչաներ։ Դպրոցի մանկավարժական կազմը և տնօրինությունը շնորհակալ են ՀԿԵ-ի ղեկավարությանը և անձամբ Ալեքսեյ Վալերիևիչին մեր ստեղծագործական գործունեությունը բարձր գնահատելու և երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստելու համար: Հուսով եմ՝ մեր հաճելի և փոխշահավետ գործընկերությունը նոր պտուղներ կբերի նաև ապագայում», - նշել Է Իրինա Մկրտչյանը։
«Գոլոս Արմենիի» թերթ