Նորություն
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվեց Աշխատանքի պաշտպանության օրը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության ոլորտը կենտրոնական ոլորտներից է, ինչի կապակցությամբ ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը երկաթուղայինները նշեցին մի շարք միջոցառումներով:
2024 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը առաջ քաշեց կենտրոնական թեմա՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա,որը նկատելի ազդեցություն ունի աշխատանքի ոլորտի, հատկապես աշխատողների անվտանգության և առողջության վրա»։ Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մասնագիտական ռիսկերի օրինակներից են ջերմային սթրեսը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, օդի աղտոտվածությունը, խոշոր արդյունաբերական վթարները, էքստրեմալ եղանակային իրադարձությունները, փոխանցվող հիվանդությունների աճը և քիմիական նյութերի ազդեցության աճը:
Այս և այլ մասնագիտական թեմաներ քննարկեցին աշխատանքի պաշտպանության շուրջ ՀԿԵ-ի երեք տասնյակ ինժեներներ, անցկացրեցին թեմատիկ քննարկումներ,կատարեցին աշխատանքային փորձի փոխանակում և անցան մասնագիտական թեմատիկայի իմացության թեստավորում:
ՀԿԵ Աշխատանքի պաշտպանության, արտադրական և հրդեհային անվտանգության բաժնի պետ Կարինե Համբարձումյանը նշում է, որ գոյություն ունի երեք հիմնական գործոն, որոնք անհրաժեշտ են աշխատանքի պաշտպանության սկզբունքների հաջող առաջխաղացման համար: «Նախ, ընկերության ղեկավարությունն անկեղծորեն, այլ ոչ թե ֆորմալ պետք է շահագրգռված լինի անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելու հարցում։ Երկրորդ, բոլոր աշխատակիցները պետք է ներգրավվեն հուսալի աշխատանքային պայմանների ստեղծման մեջ և չամաչեն զեկուցել իրենց առողջության հնարավոր սպառնալիքների մասին և վերջապես, յուրաքանչյուր աշխատակից պետք է ակտիվորեն ներգրավված լինի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներում և առաջարկի իր գաղափարներն ու լուծումները, թե ինչպես աշխատանքային տարածքն ավելի հարմարավետ և անվնաս դարձնել», - նշում է Համբարձումյանը։
2021 թվականից այս ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ ՀԿԵ-ն արձանագրել է կանոնների խախտումների և աշխատակիցների վնասվածքների թվի կրկնակի կրճատում։