ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

12-12-2023

Հայաստանի և Վրաստանի երկաթուղային վարչությունները համաձայնեցրել են 2024 թվականի համատեղ ծրագրերը


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությունը օրերս այցելել է Վրաստանի մայրաքաղաք, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են երկու երկրների երկաթուղիների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, ամփոփվել են 2023 թվականի համատեղ աշխատանքի արդյունքները, քննարկվել են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի կազմակերպման, 2024 թվականի ամառային սեզոնին սակագնային քաղաքականության բարելավման և ուղևորափոխադրումների կազմակերպման հարցեր։ Քննարկվել է «Օրիոն 2» տոմսերի վաճառքի համակարգի նոր ծրագրային ապահովման մշակման հարցը:

ՀԿԵ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2023 թվականի 10 ամիսների աշխատանքի արդյունքում արտահանման հաղորդակցությունում բեռների փոխադրումն ապահովվել է 288,6 հազար տոննա (հիմնական անվանացանկեր՝ պղնձի խտանյութ, բեռնարկղային բեռներ), ներմուծման հաղորդակցությունում՝ 678,3 հազար տոննա (հիմնական անվանացանկերը՝ հացահատիկ, նավթալից բեռներ, եղեգնաշաքար, բեռնարկղային բեռներ, ցեմենտի կլինկեր)։ Նշվել է նաև 2023 թվականին ներմուծման կրճատման փաստը՝ 737,4 հազար տոննայից մինչև 678,6 հազար տոննա, և արտահանման ծավալի նվազումը՝ 370,4 հազար տոննայից մինչև 288,3 հազար տոննա (77,8 տոկոս)՝ 2022 թվականի համեմատ։

2023 թվականին միջազգային հաղորդակցությունում կանխատեսվում է 56,5 հազար ուղևորի փոխադրում, ինչը 3 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքով ուղևորափոխադրումների պահանջարկը 2022թ.-ի համեմատ 58%-ով ավելի է բավարարվել, փոխադրվել է 34,7 հազար ուղևոր, ինչը վկայում է ուղևորների գոհունակության մասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2024 թվականի ամռանը Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը և պայմանավորվել պահպանել երկու օրը մեկ գնացքի երթևեկության հաճախականությունը։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքը նոր «Օրիոն 2» տոմսերի վաճարքի համակարգի ծրագրային ապահովման մշակման ուղղությամբ, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի ամառային սեզոնի սկզբին։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով. «Մեր վրացի գործընկերների հետ հանդիպումն ու քննարկումներն արդյունավետ են եղել։ Մեզ հաջողվել է համաձայնեցնել 2024 թվականի փոխգործակցության պլանը։ Հարկ է նշել, որ Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքը բավականին ծանրաբեռնված է և բեռների ծավալներով, և ուղևորափոխադրումներով։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է համաձայնեցնել 2024 թվականի գնացքների ժամանակացույցը ընթացիկ տարվա մակարդակով։ Այդ կապակցությամբ կցանկանայի այստեղ ընդգծել «Վրացական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության և գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի կառուցողական դիրքորոշումը»։

Նկարներ