ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

21-11-2023

ՀԿԵ-ն և ԿԳՄՍՆ-ը մշակել են «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դպրոցական դասընթացը


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը:

Դասընթացը մշակվել է ՀԿԵ մասնագետների կողմից և լրամշակվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» մասնագետների աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից ՝ «Երկաթուղային այբուբեն», «Ազդանշանային համակարգը երկաթուղում», «Անվտանգ վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» և «Անվտանգ վարքագծի կանոնները գնացքում»:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով. «ՀԿԵ-ն ավանդաբար կարևորում է քաղաքացիներին և հատկապես երեխաներին երկաթուղային տրանսպորտից անվտանգ օգտվելու և երկաթուղային ենթակառուցվածքներում գտնվելու սկզբունքների մասին իրազեկելու կարևորությունը։ Ընկերությունն իր նախաձեռնությամբ և իր ուժերով տեղեկատվական դասախոսություններ է կազմակերպել երկաթուղային ենթակառուցվածքին հարակից դպրոցներում սովորող երեխաների համար: Այսօր մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի կառավարության մեր գործընկերները ընդառաջել են մեր նախաձեռնությանը` հաստատելով դպրոցական ծրագրում պարտադիր դասընթացի ներդրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այս նախաձեռնությանը աջակցելու համար: Սա զգալիորեն կբարելավի երկաթուղային անվտանգության ոլորտում քաղաքացիների գրագիտության բարձրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել քաղաքացիների կյանքի և առողջության հետ կապված հարցերը»։

Նկարներ