Նորություն
Հաղթանակի 75-ամյակը տոնեցին Հարավկովկասյան երկաթուղում
Ավանդույթի համաձայն, մայիսի 9-ին Հարավկովկասյան երկաթուղում նշեցին Հաղթանակի օրը, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ և Արցախյան ազատագրական պատերազմներում զոհվածների հիշատակին։ Սակայն այս տարի կորոնավիրուսային վարակի տարածման վտանգից ելնելով՝ տոնական միջոցառումներն անցան բավականին համեստ․ Էրեբունի համայնքում գտնվող Ազատամարտիկների պուրակում հավաքվածները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկողի գլխավորությամբ ծաղկեպսակներ դրեցին պատերազմներում զոհված երկաթուղայինների հուշարձանին։ Ինչպես նշեց իր շնորհավորական ուղերձում ՀԿԵ ղեկավարը, Մայիսի 9-ին նշվում է սովետական ժողովրդի ընդհանուր Հաղթանակի տարելիցը: - Սա իսկապես մեր ընդհանուր Հաղթանակն է, որին ներդրում ունեցան մեր նախնիները: Նախկին Խորհրդային Միության տարածքում գրեթե չկա ընտանիք, որին շրջանցեց պատերազմը։ 26 միլիոն կյանք՝ հսկայական գին է, որը վճարեց սովետական ժողովուրդը: Եվ յուրաքանչյուր ընտանիքն ունի իր հերոսները, որոնց հիշում և հարգում են նոր սերունդները: Այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մնացել են ռազմաճակատի մարտերում, նրանց, ովքեր պատերազմի ծանր տարիներին աշխատել են թիկունքում, հիվանդանոցներում, գործարաններում, ովքեր պատերազմից հետո խաղաղ կյանք են հաստատել և շնորհավորում ենք մեր սիրելի վետերաններին, շնորհակալություն հայտնում նրանց մեզ նվիրած խաղաղության համար: Հարավկովկասյան երկաթուղում իրենց պարտքն են համարում աջակցություն ցուցաբերել վետերան-երկաթուղայիններին, հարգել զոհվածների հիշատակը: Առաջին տարին չէ, որ Հաղթանակի օրվա նախօրեին վերականգնվում են վետերանների տները, նրանց օգնություն ցուցաբերվում։ Տարեցտարի վետերանների թիվը պակասում է, և նրանց հանդեպ ամենօրյա հոգատարությունը մեր բարոյական պարտքն է և հարգանքի տուրքը հաղթանակը նվաճածներին։ Շնորհավորում ենք մեր վետերաններին և երկար կյանք մաղթում նրանց: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր խաղաղ կյանքի հերթական տարվա համար, որը ձեռք է բերված մեր պաշտպանների, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր կյանքի իրավունքը պաշտպանած զինվորների շնորհիվ, - ասվում է ուղերձում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները տեղափոխեցին 20 միլիոն վագոն, ապահովեցին բնակչության և արդյունաբերության թիկունք տարհանման ողջ գործընթացը, վերականգնեցին և վերակառուցեցին 120 հազար կմ ուղի: Պատերազմին մասնակցած 73 հայ երկաթուղայինների անուններն անմահացած են Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում գտնվող Հիշատակի և պատվի պուրակում: Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվում էին շուրջ 600 000 հայ, որոնց կեսը զոհվեց: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվել են վեց հայկական դիվիզիաներ, որոնք մարտերով անցել են Կովկասից մինչև Բեռլին: Հատկապես առանձնանում էր 89-րդ հայկական կարմրադրոշ հրաձգային դիվիզիան՝ հայտնի Թամանյան դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրոհին: Ի դեպ, միակը ազգային միավորումներից: Մարտերում ցուցաբերված քաջության և արիության, հմուտ հրամանատարության համար ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին 70 հազար հայ զինվորներ, սպաներ և գեներալներ: Բարձրագույն պարգևը` Խորհրդային Միության Հերոսի կոչումը, շնորհվեց 106 հայ զինվորներին: 27 հայեր դարձան Փառքի շքանշանի լիիրավ կավալեր: Հայ ժողովրդի տասնյակ հազարավոր որդիներ մասնակցել են ֆաշիստական լծից Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Ավստրիայի ազատագրմանը, Ֆրանսիայում և եվրոպական շատ այլ երկրներում ազատագրական պատերազմին: