Նորություն
Ռուսական երկաթուղիների Կորպորատիվ համալսարանի մասնագետները կանցկացնեն դասընթաց ՀԿԵ ղեկավար կազմի համար
Մայիսի 16-ին Երևանում մեկնարկեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարների վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացը, որի ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ կորպորատիվ համալսարանի մասնագետները Հայաստանի գործընկերներին կծանոթացնեն տրանսպորտի անվտանգության կառավարման ժամանակակից մեթոդներին։
«Փոխադրումների անվտանգության կառավարման համակարգային և գործընթացային մոտեցումները» դասընթացն ուղղված է ռիսկերի կառավարման առաջավոր փորձի, երթևեկության անվտանգության կառավարման համակարգի և «Երկաթուղային տրանսպորտում ֆունկցիոնալ անվտանգության ապահովում» ծրագրին ծանոթանալուն և ուսումնասիրելուն:
Ալեքսեյ Մելնիկով, ՀԿԵ գլխավոր տնօրեն. «Առանց երթևեկության անվտանգության ապահովման ժամանակակից մեթոդների, առանց նոր գիտելիքների, մեր աշխատանքը կդադարի։ Նման դասընթացները ուղղված են ընկերության զարգացման լրացուցիչ խթաններ ստանալուն և մեզ կօգնեն նոր հայացք նետել երթևեկության անվտանգության խնդիրներին: «Ռուսական երկաթուղիների» մեր գործընկերները մեզ կօգնեն կազմակերպել ավելի անվտանգ փոխադրման գործընթաց»։
Ռուսական երկաթուղիների Կորպորատիվ համալսարանի ներկայացուցիչ Պյոտր Սավչենկոն ուշադրություն է հրավիրել ռուս և հայ գործընկերների փորձի փոխանակման, ինչպես նաև ուսուցման ավարտից անմիջապես հետո նոր գիտելիքների կիրառման անհրաժեշտության վրա: