Նորություն
ԵԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը և ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի նախագահը ճանաչողական այցով այցելեցին Հայաստան
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում ճանաչողական այցով էին գտնվում Երկաթուղայինների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գենադի Կոսոլապովը և Ռուսաստանի երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիության (ՌՈՍՊՐՈՖԺԵԼ) նախագահ Սերգեյ Չերնոգաևը:
Այցի նպատակներն էին՝ ծանոթանալ հայ երկաթուղայինների աշխատանքային պայմաններին, քննարկել արհմիութենական մարմինների աշխատանքի կատարելագործումը:
Գ.Կոսոլապովն ու Ս.Չերնոգաևը այցելեցին Ֆիոլետովո գյուղը, որտեղ կոմպակտ ապրում են մոլոկանները: Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցը Հարավկովկասյան երկաթուղու սոցիալական և բարեգործական քաղաքականության ուղղություններից մեկն է: Ընկերությունը մշտապես աջակցություն է տրամադրում կրթական հաստատությանը:
Պատվիրակությունն այցելեց նաև Սանահինի մանկապարտեզը, որը նույնպես հովանավորում է ՀԿԵ-ն:
Ընկերության հյուրերը հանդիպումներ են անցկացրել ՀԿԵ աշխատակիցների հետ՝ կենտրոնական գրասենյակում և Երևանի դեպոյում: Սերգեյ Չերնոգաևը խոսեց արհմիությունների և Ռուսական երկաթուղիների կողմից ընկերության աշխատակիցների համար իրականացվող սոցիալական ծրագրերի, տարբեր ոլորտներում կորպորատիվ նախագծերի, աշխատողների մասնագիտական և կարիերային աճի խրախուսմանն ուղղված միջոցառումների մասին:
Գենադի Կոսոլապովը նշեց, որ Հայաստանի երկաթուղին Համագործակցության երկրների շարքում որոշ ցուցանիշներով զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը: Այսպիսով, հայ երկաթուղայինների աշխատավարձը 20%-ով բարձր է հանրապետությունում միջին չափից: Համեմատության համար նշենք, որ Բելառուսում երկաթուղայինների աշխատավարձը կազմում է ազգային միջին ցուցանիշի 98%-ը, Մոլդովայում `50%-ը, Ուկրաինայում` 88%-ը:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընկերությունն անում է հնարավորը, որպեսզի այստեղ աշխատելը լինի հնարավորինս հարմարավետ, ապահով և հանգիստ: