ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

06-08-2021

Երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքներ համալրեցին Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը


Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում և այժմ անհրաժեշտ ստուգումներ կանցնեն:

«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», - ասաց ընկերության ղեկավարը:

Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելում է:

Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:

Նկարներ