ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

26-05-2021

Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ՀԿԵ-ի նոր վագոններն արդեն Հայաստան են ուղևորվում


Մայիսի 25-ին Տվերի վագոնաշինական գործարանում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը 20 նոր ուղևորատար վագոնների հանձնման հանդիսավոր արարողությունը: 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոններ կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, ՀՀ փոխվարչապետի ժ.պ. Մհեր Գրիգորյանը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն - խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

«Ծրագիրը կարևոր խթան է տալիս ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև արագացնում է մեր երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերը: Տարածաշրջանում իրավիճակի նորմալացումը հուսալի երկաթուղային կապ կպահանջի, որն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական ներուժի և Եվրասիական տնտեսական միության երկրների ինտեգրման բոլոր առավելությունների բացահայտման համար: Մենք ձգտում ենք նրան, որ Հայաստանում ուղևորափոխադրումները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին և ստանդարտներին, լինեն հարմարավետ, և ամեն անգամ, երբ մարդիկ օգտվեն այս վագոններից, բարի խոսքերով հիշեն մեզ և մեր երկրների միջև լավ հարաբերություններ», - շեշտեց Ալեքսեյ Օվերչուկը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն` ի դեմս Հարավկովկասյան երկաթուղու, կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման գործառույթը վերջին 13 տարիների ընթացքում: Ռուսական երկաթուղիներն ավելի քան 300 միլիոն դոլար են ներդրել երկրի ենթակառուցվածքներում, մենք աստիճանաբար կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները: Այս տարի կթարմացվի Հարավկովկասյան երկաթուղու գրեթե ամբողջ ուղևորատար շարժակազմը», - ասաց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կարծիքով, նոր շարժակազմը կարևոր դեր է ունենալու Հայաստանի ուղևորային համալիրի զարգացման գործում:

«Շարժակազմն ամենաժամանակակիցն է և նախատեսված է բոլոր կատեգորիաների ճանապարհորդների համար: Հաշվի առնելով հունիսին սպասվող Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսումը, որը ավելի քան մեկ տարի չէր գործում համաճարակի պատճառով, սա լավ նվեր է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար արձակուրդային շրջանի մեկնարկից առաջ», - ասաց Ալեքսեյ Մելնիկովը:

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:

Նկարներ