ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

10-05-2021

Հարավկովկասյան երկաթուղում ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը


Հարավկովկասյան երկաթուղում մայիսի 10-ին ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը 2021-2024 թթ համար: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի և Աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը կարգավորում է սոցիալ-աշխատանքային հարաբերությունները աշխատողների 3-հազարանոց կոլեկտիվի և գործատուի միջև:

Ինչպես նշեց նոր պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, փաստաթղթի մշակումը բավականին երկար ժամանակ պահանջեց:

«Պայմանագիրը մեր աշխատակիցներին լրացուցիչ վստահություն կհաղորդի իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հարցում: Երկաթուղու ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ իր սոցիալական ուղղվածությունն ապացուցելու և ցույցադրելու համար: Մեր ընդհանուր աշխատանքն ուղղված է ընկերությունը արդյունավետ, ուժեղ և միասնական դարձնելուն», - շեշտեց ՀԿԵ ղեկավարը:

Գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շչուկինի խոսքով, փաստաթղթի մշակումն իրականացվել է հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվել են աշխատողների և գործատուի ներկայացուցիչներ, իսկ փաստաթղթի յուրաքանչյուր կետը մանրակրկիտ ուսումնասիրվել է: Աշխատանքային կոլեկտիվներից ստացվել են շուրջ 30 առաջարկներ, որոնց մի մասը, ինչպես նշել է Օ.Շչուկինը, ընդգրկվել են կոլեկտիվ պայմանագրում, ինչը թույլ էր տվել ուժեղացնել դրա սոցիալական ուղղվածությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի խոսքերով, նոր կոլեկտիվ պայմանագրում ոչ միայն պահպանվում են երկաթուղայինների բոլոր երաշխիքներն ու արտոնությունները, այլև ներառվում է մի քանի նոր կետ: Մասնավորապես, գործատուի պարտավորություններն այժմ ներառում են լոկոմոտիվի անձնակազմին վճարովի եռօրյա արձակուրդ տրամադրելը` մարդկանց վրա վրաերթ կատարելու դեպքում; ՀԿԵ աշխատակիցներին 50 հազար դրամի չափով աջակցության տրամադրումը` երեխայի ծնվելու կապակցությամբ; երկաթուղու աշխատողներին տարեկան մեկ անգամ՝ սեպտեմբերի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքների անվճար տոմս տրամադրելը: Բացի այդ, թոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվելու դեպքում, 7 տարուց ավել ընկերությունում աշխատած աշխատակիցները կպահպանեն իրենց համազգեստը, իսկ երկաթուղում արտակարգ իրավիճակները վերացնելու միջոցառումների մասնակիցների սննդի ամենօրյա վճարը կավելացվի մինչև 2200 դրամ:

Կոլեկտիվ պայմանագրերը Հարավկովկասյան երկաթուղու գործունեության նոր ինստիտուտ չեն: Նման փաստաթղթերը գոյություն ունեն ընկերության հիմնադրման պահից, դրանք ստորագրվում են երեք տարի ժամկետով: Պայմանագրով կանոնակարգվում են աշխատողների և գործատուի իրավունքներն ու պատասխանատվությունը, ընկերության կադրային ներուժի զարգացման հիմնական սկզբունքները, ընկերության աշխատողներին և իրենց ընտանիքների անդամներին, չաշխատող թոշակառուներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, սոցիալական գործընկերության զարգացման հիմնարան դրույթները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականությունը:

Նկարներ